Բաքվում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնության ժամանակ մի խումբ ազերիներ հարձակում են գործել հայ մարզիկների վրա:
Ինչպես հայտնում է criminalazerbaijan.com-ը, գազազած ազերիները մեկ-մեկ մտել են մրցումների անցկացման համար նախատեսված սպորտային համալիր, և, զբաղեցնելով ռինգին հնարավորինս մոտիկ տեղեր, սպասել են հայ մարզիկի ելույթին:
Երբ մեր բռնցքամարտիկը և մարզիչները հայտնվել են ռինգի մոտ, ազերիները քարերով հարվածել են նրանց` բղավելով. «Հայեր, հեռացեք, ամոթ հրավիրողներին, Ղարաբաղ կամ մահ» և այլն…
Մենամարտը դադարեցվել է, հայերը լքել են դահլիճը:
«Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նաղին հայտարարել է. «Մենք մի քանի օր պատրաստվել ենք և իմանալով, որ այսօր ռինգ են դուրս գալու հայերը, նրանց որոշել էինք քարկոծել: Մեր նպատակն է հայերին թույլ չտալ մասնակցել մրցումներին: Եթե մեր ձայնը չլսվի, ապա կիրականացվեն ավելի ծայրահեղ միջոցառումներ»:
Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից 7-ին ձերբակալել է: