Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) մեկնարկել է համալսարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը կրում է «Կրթության փառատոն» խորագիրը: Միջոցառումների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 26-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը:
Այսօր համալսարանում տեղի ունեցած 20-ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցեցին բազմաթիվ պատվավոր հյուրեր, համալսարանի ուսանողներն ու պետական պաշտոնյաներ, այդ թվում` վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Համալսարանի 20-ամյակի կապակցությամբ իր հայրապետական աղոթքն էր բերել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիսության բացումն ազդարարեց ՀՀ-ի, ԱՄՆ-ի ու ՀԱՀ-ի դրոշների շքերթը, այնուհետև երկու երկրների պետական օրհներգից հետո բացման խոսքով ելույթ ունեցավ ՀԱՀ-ի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը:
«20 տարի առաջ ես՝ որպես գերագույն խորհրդի նախագահության անդամ, պատիվ ունեի ներկա գտնվել այդ դալիճում, որտեղ հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս հիասքանչ շենքը տրամադրել Ամերիկյան համալսարանին»,- ասաց վարչապետը` ընդգծելով համալսարանի հիմնադրման կարևորությունը:
Անցած քսան 20 տարիները, նրա խոսքով, մի ակնթարթ է`լի մեր երկրի համար պատմական կարևոր իրադարձություններով: Ժամանակակից աշխարհում ժամանակը խտացված է իրադարձություններով և կարելի է համադրել այս 20 տարին նախորդ 100 տարիների հետ: Ըստ նրա` Ամերիկյան համալսարանը հայ ժողովրդի հետ միասին անցավ բոլոր դժվարությունների միջով:
«Ամերիկյան համալսարանը պետք է ընդլայնվի, նրա գործառույթները պետք է դառնան բազմազան ու նրա ծառայությունները պետք է հասանելի լինեն մեր երիտասարդներին»,- շեշտեց Տ.Սարգսյանը` ընդգծելով, որ այս խնդիրներն է կառավարությունը դրել Ամերիկյան համալսարանի առջև:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ իր խոսքում կարևորելով Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում համալսարանի դերը՝ այն բնորոշեց որպես մեր կրթական համակարգում «նորաձևություն թելադրող և զարգացնող ուսումնական հաստատություն»:
«Ուզում եմ վստահ լինել, որ Ամերիկյան համալսարանի բարերար ազդեցությունը մեր կրթական համակարգի վրա կլինի ավելի համակարգային, լայնածավալ ու այն կօգնի մեր քաղաքացիներին իրենց տեղը գտնել հասարակական-քաղաքական կյանքում»,- հավելեց նա:
Վարչապետի որոշմամբ` հուշամեդալ հանձնվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանին, իսկ Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրվեց ՀԱՀ կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի բարձրագույն կրթության հետազոտությունների կենտրոնի տնօրեն` դոկտոր Ջադսոն Քինգը: