«Իմ՝ ոչ միայն որպես վերլուծաբանի, այլև որպես ՀՀ քաղաքացու համար մի փոքր վիրավորական է այդ հարցի արծարծումը: Արծարծողներից յուրաքանչյուրը այդ հարցը շրջանառության մեջ դնելուց ու դրա շուրջ որոշակի աղմուկ բարձրացնելուց չի պատկերացնում, որ դրանով նա իր սեփական սուվերենության վրա կասկածի որոշակի էլեմենտներ է ներառում». լրագրողների հետ հանդիպմանն այսպես արտահայտվեց քաղաքական փորձագետ Կարեն Բեքարյանը` պատասխանելով այն հարցին, թե ՌԴ վերադասավորումներն ինչ ազդեցություն կունենան հայաստանյան քաղաքական կյանքի վրա:
«Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա այդ ամենը կարող է ազդել այնքանով, որքանով Հայաստանի վրա կարող են ազդել ամենասերտ գործընկերների փոփոխություններն իշխանական էլիտայում, ոչ ավելի»,- ասաց նա` առաջարկելով համեմատել Պուտինի և Մեդվեդևի անցած ճանապարհը, հանրության մեջ ճանաչելիության խնդիրը և դա համեմատել մեր իրականության հետ:
«Եթե համեմատելուց հետո էլ խնդիր առաջանա, ուրեմն մենք ունենք շատ մեծ խնդիր այն մարդկանց հետ, ովքեր սեփական երկրի սուվերենության, քաղաքական կեցվածքի նկատմամբ ունեն շատ քիչ հիմնավորված կասկածներ»,- ասաց Կ. Բեքարյանը:
Նրա խոսքով` ՀՀ նախագահին ոչ ոք չի ընտրելու, բացի հայ ժողովրդից: «Եթե մեր ընտրության մեջ որոշիչը լինելու է ոչ թե մեր մոտեցումը, ոչ թե մեր պատկերացումը, այլ թե ում է դիտում Ռուսաստանը ֆավորիտ, դա կոչվում է անբուժելի հիվանդություն»,- համոզված ասաց Կ. Բեքարյանը` հույս հայտնելով, որ մեր 20-ամյա երկիրը դուրս է եկել այդ անբուժելի հիվանդությունների սինդրոմից:
«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այն վիճակում, որ որևէ երկրի ֆավորիտի ընտրությունը պետք է որոշիչ դառնա մեր նախագահի ընտրության համար»,- ասաց նա:










































