Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ դեռահաս համարվում են 10-19 տարեկան երեխաները: Դեռահասները կազմում են աշխարհի բնակչության 20 տոկոսը: Նախկինում կար կարծիք, որ նրանք հասարակության ամենաառողջ մասն են, սակայն վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ դա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:
Անդրադառնալով դեռահասների շրջանում մահացության պատճառներին՝ նա հիմնական, որպես հիմնական պատճառ, նշեց վնասվածքները, ինքնասպանությունները. «Ամբողջ աշխարհում շուրջ 90-100 հազար դեռահաս է ինքնասպան լինում, իսկ մեծահասակ մարդկանց 70 տոկոսն այդ քայլին է դիմում դեռահասության շրջանում առաջացած խնդիրների հետևանքով»:
Կարևորելով դեռահասներին բնորոշ խնդիրների ուսումնասիրությունը՝ նա հայտնեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ մեզանում տարածված խնդիրը գլխացավերն են, որոնցով տառապում է դեռահասների կեսը, բարձր է նաև նյարդայնության տոկոսը: Նրա խոսքով՝ որքան էլ զարմանալի է, դեռահասներն իրենց միայնակ են զգում, ինչը կարող է դառնալ ինքնասպանությունների պատճառ: Պատճառները կարող են լինել նաև սոցիալական: Մեծ տոկոս են կազմում բռնությունների դեպքերը․ «Մենք ունենք որոշակի ճեղքվածք այս հոգեբանության մեջ, երեխան իրեն միայնակ է զգում»,-ասաց նա` նշելով, որ դեռահասներին բնորոշ է նաև մարմնի զանգվածի ցուցանիշի սխալ ըմբռնումը: Աղջիկների 1/6 մասը մտածում է, որ իր մոտ կա հավելյալ աճի խնդիր, տղաները մտածում են հակառակը:
«Խնդիրը երկկողմանի է: Եթե գնաք զինկոմիսարիատ ու տեսնեք ինչ վիճակում են դեռահասները, ամեն ինչ կհասկանաք»,- ասաց նա` ընդգծելով, որ առկա է ֆիզիկական վարժությունների պակասը:
Ընտանիքում դեռահասները հեշտ չեն շփվում ծնողների հետ: «Կան խնդիրներ ծնողավարության հետ, ու դա ազդում է երեխաների հոգեկան առողջության վրա, ինչը, սակայն, չի նշանակում, թե մեր ծնողներն անտեսում են իրենց զավակներին»,- ասաց Սերգեյ Սարգսյանը:











































