Քվանդտ ընտանիքը, որին պատկանում է գերմանական ավտոարտադրող հսկաներից մեկը` BMW-ն, ընդունել է, որ անցյալում համագործակցել է նացիստական ռեժիմի հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Քվանդտ դինաստիան, որը դարձել է այս ընկերության սեփականատերը երկրորդ աշխարհամարտից հետո և BMW դարձրել համաշխարհային ապրանքանշան, ինքն է պատվիրել պարզել իր ներկայացուցիչների նացիստական անցյալը, քանի որ 2007թ.-ին դա ապացուցվել էր որոշ արխիվային փաստաթղթերի միջոցով:
Հետաքննությունը հաստատել էր արտադրող Գյունտեր Քվանդտի, նրա որդու` Հերբերտի և Հիտլերի ռեժիմի միջև եղած կապը: Պատմաբան Յոահիմ Շոլթյուզեկն ասել է, որ այս դինաստիայի հիմնադիրը եղել է ռեժիմի անբաժանելի մասը: Հետազոտության մեջ նշվում է, որ այդ ընտանիքի արտադրական ձեռնարկություններում աշխատել են համակենտրոնացման ճամբարներից բերված մոտ 50 հազար կալանավորներ: Ոչ մարդկային պայմանների հետևանքով մի քանի հարյուր մարդ մահացել է, շատերը` գնդակահարվել են: Բացի այդ, ընտանիքը հսկայական գումարներ է ստացել այն գործարաններից, որոնք խլվել են Գերմանիայում ապրող և աշխատող հրեաներից: BMW-ի նացիստական անցյալի մասին ոչինչ չէր ասվում:
Հետազոտության հրապարակումից հետո Գյունտեր Քվանդտը, որն այս դինաստիայի հիմնադրի թոռն է, հայտարարել է, որ իրենք սխալ են եղել՝ երկար ժամանակ հերքելով իրենց ընտանիքի կապը նացիստական Գերմանիայի հետ:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս բացահայտվել է Hugo Boss և IKEA համաշխարհային ապրանքանիշերի ստեղծողների կապը նացիստական Գերմանիայի իշխանությունների հետ: Նրանց ձեռնարկություններում նույնպես շահագործման են ենթարկվել համակենտրոնացման ճամբարներից բերված մարդիկ:










































