Այսօր Ղրղզստանի խորհրդարանն անսպասելիորեն առաջարկել է հարևան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հաղորդում է Vesti.kg կայքը` նշելով, որ այս դիմումը ղրղզների խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 29-ին:
Այս նախաձեռնության հեղինակը խորհրդարանի նախագահ Ախմաթբեկ Քելդիբեկովն է, որը հայտարարել է, թե Նազարբաևը «հսկայական աշխատանք է իրականացնում խաղաղության և կայունության ամրապնդման համար ոչ միայն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այլ նաև աշխարհի մակարդակով»: Սակայն քննարկումը հարթ չի անցել: Պատգամավորներից Կանիբեկ Իմանալիևն ասել է. «Մեր երկիրը ինքնիշխան պետություն է, և մենք պետք է արժանապատվություն ունենանք (նման քայլերի չգնալու համար.- 1in.am)»:
Նախատեսվում է, որ Ղրղզստանի խորհրդարանի դիմումը Նորվեգիայի Նոբելյան մրցանակի հանձնաժողովին կհանձնվի առաջիկա օրերին: