Աշխարհում ամենաէժան պլանշետային համակարգիչը վաճառքի կհանվի Հնդկաստանում արդեն հոկտեմբերի սկզբին: Դրա գինը լինելու է մոտ 1.7 հազար ռուպի կամ 35 դոլլար: Այս մասին հայտարարել է մարդկային ռեսուրսների կառավարման, կոմունիկացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Կապիլ Սիբալը: «Համակարգիչը կթողարկվի հաջորդ ամիս, և դա երազանք չէ, այլ իրականություն»,- ասել է նա:
«Շուտով 35 դոլլարանոց այդ սարքը հասանելի կլինի դպրոցի ցանկացած աշակերտի: Դա, իր հերթին, կնպաստի կրթության որակի բարձրացմանը»,- ասել է նախարարը` հավելելով, որ այդ սարքը կատարելու է այն գործառույթները, որ ունի սովորական համակարգիչը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը: Սարքն ունենալու է գործիքների նվազագույն հավաքածուն` համացանցային դիտարկիչ, փաստաթղթեր ստեղծելու և կարդալու ծրագիր, ինչպես նաև ՝ մեդիա-նվագարկիչ: