Եվրամիության երկրները տարակարծիք են Հունաստանին ֆինանսական հերթական` 109 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու հարցում:
Financial Times-ը գրում է, որ եվրոյի գոտու 17 երկրներից 7-ը դեմ են օգնության տրամադրմանը, ինչի կապակցությամբ ակտիվ քննարկումներ են անցկացվում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Հունաստանին միայն այն պայմանով, եթե այդ երկիրը կատարի իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչին ի պատասխան՝ Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ արդեն իսկ սկսվել է բյուջեի ծախսերի կրճատումը:
Հիշեցնենք, որ Հունաստանն արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ: Եվրոյի գոտու երկրները Հունաստանին օգնություն տրամադրելու դիմաց պահանջում են կրճատել բյուջետային ծախսերը, սակայն Հունաստանի կառավարության որոշումները դժկամությամբ են ընդունվում երկրում` հանգեցնելով ցույցերի, գործադուլների և նույնիսկ իրավապահների հետ բախումների: