Այսօր մեկնարկեց «Մենք» խորագրով հայագիտական սեմինարների շարքը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը սկսեց սեմինարների շարքը, որի առաջին հանդիպումը տեղի ունեցավ այսօր ՀԵՀ կենտրոնում: Հանդիպման թեման էր «Հնագույն մեգալիթյան կառույցները Հայաստանում. Քարահունջ», որի բանախոսն էր Հայ-ռուսական համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը:
Վահրադյանը հանդիպման սկզբում ներկայացրեց մի շնորհանդես, որում ամփոփված էր նրա աշխատությունը Քարահունջ սրբավայր աստղադիտարանի մասին: Հետազոտությունը ներկայացնելիս նա հավաստիացրեց, որ սրբավայրն ունի մոտ 14000 տարվա պատմություն և շատ ավելի մեծ նշանակություն հայոց հուշարձանների շարքում, քանի որ լուրջ ուսումնասիրություններից հետո ենթադրում է, որ Հայաստանը եղել է քաղաքակրթության օրրան:
Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացրին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Մենք» խորագրով հայագիտական սեմինարների շարքը նպատակ ունի հայ երիտասարդներին ծանոթացնել ազգային մշակույթին, պատմությանը, վերաարժևորել հայկական ավանդույթները: Սեմինարների ընթացքում երիտասարդներին հյուրընկալվելու են անվանի գիտնականներ, մշակութային-հասարակական գործիչներ:










































