Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համարել է հայոց անկախ պետականության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևոր հիմքերից մեկը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահ Սահակյանին ծանոթացրել է նաև Մայր Աթոռում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, որոնք ըստ ամենայնի կնպաստեն եկեղեցու գործունեության արդյունավետության բարձրացմանը և մատաղ սերնդի դաստիարակությանը:
Նույն օրը Բակո Սահակյանը Երևանում հանդիպում է ունեցել բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանի հետ և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:











































