ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն սեպտեմբերի 27-ի երեկոյան հայտարարել է, թե Իրանը կարող է դառնալ ռազմական գործողությունների օբյեկտ, եթե չդադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը:
«Եթե մենք այսօր համաձայնության չգանք իրանցիների հետ, ռազմական գործողությունների լուրջ վտանգ կառաջանա»,- ասել է Արոն: Նա ավելացրել է, որ Իրանին հարվածելը «անհավատալի բարդ» առաջադրանք է, որ կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, դիվանագետի խոսքով` իրադարձությունների այդպիսի զարգացումը միանգամայն հնարավոր է, քանի որ «որոշ երկրներ պարզապես չեն կարող հանդուրժել ատոմային ռումբով զինված Իրանի գոյությունը»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, թե որոշ հանգամանքների դեպքում թույլատրելի է համարում Իրանի վրա հարձակումը:
Իրանը պաշտոնապես դատապարտել է Ֆրանսիայի առաջնորդի այս հայտարարությունը` ավելացնելով, որ իր երկրի վրա հարձակման դեպքում անմիջապես կպատասխանի ագրեսորներին:
Իրանը շարունակում է պնդել, թե իր միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ բնույթ է կրում, մինչդեռ Արևմուտքում նրա այդ խոսքերին չեն հավատում:








































