News Georgia-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին քննադատել է ռուսական պատվիրակության այցը Սուխում, ուր սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբի երդման արարողությունը։ Այդ նպատակով Սուխում էր այցելել Ռուսաստանի Դաշնային ժողովի խոսնակ Վալենտին Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։
Վրաստանի ԱԳՆ-ը ռուսական պատվիրակության աբխազական այցը որակում է որպես սեփական Սահմանադրության ու միջազգային իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում։ Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Վրաստանի ԱԳՆ-ի կարծիքով՝ ռուս չինովնիկների նմանատիպ այցերն Աբխազիա ու Հարավային Օսիա իրականում ոչինչ չեն փոխում. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դեպի ինքնիշխան պետության օկուպացված տարածքներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այդ այցերն ուղղված են Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի ստեղծած օկուպացիոն ռեժիմների օրինականության պատրանքի ստեղծմանը։
Իրականում այսօր Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Վրաստանի օկուպացված տարածքները վերածվել են վիթխարի բազայի՝ Սևծովյան տարածաշրջանում ու ողջ Եվրոպայում ստեղծելով ապակայունացման օջախ։
Ռուսաստանը հերթական անգամ հաստատում է, որ ոչ մի կերպ չի կատարում իր միջազգային պարտավորությունները և մտադիր էլ չէ իրագործել 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի կնքման մասին համաձայնագրի կետերից որևէ մեկը»։
Հիշեցնենք, որ Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել է փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը՝ հավաքելով քվեների 54.86 տոկոսը, տեղի են ունեցել այս տարվա օգոստոսի 26-ին։








































