Լուրն այն մասին, որ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը վստահվել է Քաթարին, դարձել է արաբական թերթերի գլխավոր թեման: «Քաթարի պատմական հաջողությունը և Ռուսաստանի ուրախությունը», « ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ցնցված են», «Քաթար 2022» և նմանատիպ այլ վերնագրերով են ողողված այսօր լույս տեսած արաբական մամուլի առաջին էջերը: Արաբական բլոգները լցված են հազարավոր շնորհավորանքներով. «Հրաշալի է, մենք արժանի էինք դրան»,- գրում են արաբ ֆուտբոլասերները` հաղթանակը համարելով ողջ արաբական աշխարհինը: Ի հավաստումն այդ ամենի՝ Քաթարի էմիր Համադ բեն Խալիֆա Ալ-Թանինին բոլոր արաբներին հրավիրեց 2022-ի աշխարհի առաջնությանը։ «Բոլոր արաբները հրավիրված են առաջնությանը»,- հայտարարեց էմիրը անմիջապես քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:
Քաթարը կլինի առաջին արաբական պետությունը, որ կընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, միաժամանակ նաև աշխարհի ամենափոքր պետությունը (բնակչությունը՝ 835 հազար), որին կվստահվի նման մասշտաբի մրցումների անցկացումը: