Այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Միացյալ Նահանգներում հայտնաբերված ռուսական լրտեսական խումբը վնաս չի հասցրել ԱՄՆ-ին, ամերիկյան The Washington Post թերթը այսօր նոր մանրամասներ է հրապարակել այս գործի կապակցությամբ: Թերթը հայտնում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) հակահետախուզական միջոցառումներ է իրականացնում Մերիլենդ նահանգի Ֆորթ Միդ քաղաքում: Տեղեկությունները ստացվել են հետախուզության նախկին աշխատակցից:
Նախկին պաշտոնյան ասել է, որ գործը սկսվել է անցած ամառ հայտնաբերված 10 ռուս լրտեսների հայտնաբերումից և ձերբակալումից հետո: Նրանք արտաքսվել էին Մոսկվա, իսկ լրտեսներին հայտնաբերելու գործում աջակցել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատակից, գնդապետ Ալեքսանդր Պոտեևը, որը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցից առաջ փախել էր ԱՄՆ:
ԱԱ ծառայության աշխատակիցների կարծիքով, անօրինական լրտեսական ցանցի ներկայացուցիչները, որոնք հայտնաբերվել էին ամռանը, կարող էին շղթա հանդիսանալ ռուսական ԱՀԾ-ի և ամերիկյան հատուկ ծառայություններում ռուսական գաղտնի լրտեսի միջև կապ պահպանելու համար, որը, հավանաբար, էլեկտրոնային գաղտնի տեղեկություններ է փոխանցում, ինչպես նաև կոտրված գաղտնաբառեր:
Հայտնաբերելու այս գործընթացում ներգրավված են նաև Հետախուզությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները:
Հատուկ ծառայություններն այս տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում: