«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝ երեկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր տեղափոխվեց Հայաստանում պահվող վերջին ադրբեջանցի ռազմագերին` Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Հայաստանի 8 քաղաքացիներ, մինչդեռ, շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:
Մեկ տարի առաջ հայկական կողմն անցած ժամկետային զինծառայողը երկար ժամանակ մտածում էր իր հետագա քայլերի մասին, ու վերջին շրջանում որոշում կայացրեց չգնալ Ադրբեջան, այլ քաղաքական ապաստան խնդրել այլ երկրում:
Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանցի ռազմագերու տեղափոխման երկիրը ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմերին հայտնի չէ` հենց նրա անվտանգության համար:
Հուսեյնովի մայրը` Նատավան Հուսեյնովան ադրբեջանական լրատվամիջոցներից day.az–ին ասել է, թե իրենք չգիտեին, որ որդուն տեղափոխել են ու իրենց տեղյակ չեն պահել նրա տեղափոխման երկրի մասին: Ռազմագերու մայրն ասել է նաև, թե պատրաստվում են դիմել Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողով` տղային Ադրբեջան վերադարձնելու համար:
Մինչդեռ Կապրիելյանի խոսքով՝ ռազմագերու տեղափոխման խնդիրը ո՛չ հայկական, ո՛չ էլ ադբեջանական կողմն է որոշել, այլ` միջազգային կազմակերպությունները:
Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն ասում է, որ ադրբեջանական կողմն այս հարցով հատկապես վերջին տարիներին համագործակցության քայլեր չի ցուցաբերում: Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, մարդասիրական այս հարցը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ:
Իրավիճակն, ըստ էության, չփոխեց անգամ Աստրախանի հանդիպումը: 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությամբ ղարաբաղյան հակամարտության կողմերը պարտավորվել էին ձեռնամուխ լինել ռազմագերիների փոխանակմանը: Դրանից հետո Հայաստանը, փաստորեն, երեք գերի հանձնեց, մինչդեռ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց Մանվել Սարիբեկյանի դին ու Արթուր Բադալյանին:
Եթե Հայաստանը որոշեց իր տարածքում մեկ տարի պահվող վերջին գերուն վերադարձնել իր իսկ ուզած վայրը, ապա Ադրբեջանը չի շտապում հանձնել Հայաստանի 8 քաղաքացիներին. ադրբեջանական գերության մեջ հինգ հոգանոց մեկ ընտանիք կա և երեք զինծառայող:
«Մեղադրում եմ ադրբեջանական կողմին, որը 2007 թվականից մինչև այսօր բացարձակապես ոչ մի քայլ չի անում դեպի համագործակցություն, դեպի փոխգործակցություն: Եթե ժամանակին նույնիսկ բացասական զարգացումների դեպքում էլի ինչ-որ կոնտակտներ լինում էին կամ բացասական պատասխան էինք ստանում, ապա այսօր ես արձանագրում եմ, որ պարզապես անտեսում է մեր բոլոր հարցումները և համագործակցության փորձերը»,- ասաց Կապրիելյանը:
Մինչ իշխանության ներկայացուցիչն ասում է, թե իրենք անում են հնարավորը Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը հակառակն է պնդում: Նա ասում է, թե Հայաստանը կարող էր օգտագործել ՄԱԿ-ի ամբիոնը, բայց դա չարեց:
«Մեր պաշտոնատար անձինք պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի հայ պատանդները ազատ արձակվեն: Ես անկեղծ ասած` շատ քիչ եմ լսում հայկական պաշտոնատար անձանց անդրադարձները հայ պատանդների խնդիրներին: Հասարակությունը տեղյակ չէ, թե հայկական կողմը ինչ ջանքեր է գործադրում պատանդներին ազատ արձակելու համար, և սա մեր քաղաքականության լրջագույն բացթողումներից մեկն է», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Նա Հայաստանի համար անհավասարակշիռ վիճակ չի համարում այն հանգամանքը, երբ այժմ Հայաստանում ադրբեջանցի գերի չկա, իսկ Ադրբեջանը շարունակում է անարձագանք թողնել 8 հայաստանցիներին հետ վերադարձնելու մասին Հայաստանի առաջարկները:
«Իրականում Ադրբեջանը հավատարիմ է մնում իր իմիջին, ու դրանից Հայաստանի դիրքերը ոչ թե թուլանում են, այլ նախընտրելի են դառնում», – ամփոփեց Արման Մելիքյանը:











































