ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահվածքից այն տպավորությունն է ստացել, որ նա նույն «ճախարակն է մանում»` խոսելով տարածքային ամբողջականության և ուժի կիրառման անհրաժեշտության մասին: Ռազմիկ Զոհրաբյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է , թե ուժի կիրառման դեպքում ՀՀ-ն կճանաչի ԼՂ անկախությունը և կկնքի ռազմական փոխօգնության պայմանագիր՝ իրավունք վերապահելով իրեն օգնելու ԼՂ-ին: ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց նաև, որ Ռուսաստանն անմասն չի մնալու ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և ՌԴ նախագահն ինքն է հայտարարել, թե ուժի կիրառումն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Նա ասաց, որ ինչ-որ փուլում Լեռնային Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին, և այդ մասին հայտարարել են նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռազմիկ Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա, որոնցում նշվել է, թե Հայաստանը հասավ նրան, որպեսզի պահպանվի ստատուս-քվոն: