Ներգնա տուրիզմը Հայաստանում իր առաջընթացն ապրում է`հանձին Երևանի: Այդ ուղղությամբ բավական քայլեր են կատարվում, որ Երևանն ու երկիրն ավելի պատշաճ ներկայանան աշխարհին: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ներգնա զբոսաշրջության օպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:
Նրա խոսքով` ցանկացած մարդու համար էլ տեսանելի են Երևանում կատարված աշխատանքները` շենքերը մաքրվել են, ներկվել են, սակայն ամենակարևորն այն է, որ մենք ինքներս պետք է նպաստենք քաղաքի զարգացմանը:
«Միայն շենքերով ու մաքուր փողոցներով չէ: Պետք է ամեն ինչ անենք, որ որպես քաղաքացի ճիշտ ներկայացնենք մայրաքաղաքը, որ մարդիկ զգան, որ մենք հյուրընկալ երկիր ենք»,- ասաց նա` ընդգծելով, որ դա կապված չէ մեծ ծախսերի հետ:
«Մեր երկիրն Աստված ասես ստեղծել է տուրիզմի համար, ու բոլոր նպաստավոր պայմանները դրված են մեր առջև, որ դառնա տուրիստական երկիր: Տուրիզմը ժողովրդական դիպլոմատիա է, և հազարավոր մարդկանց ճիշտ ներկայանալու դեպքում նրանց միջոցով կպրոպագանդենք մեր երկիրը»,- հավելեց նա`ընդգծելով, որ որքան մարդկությունը գոյություն ունի, այնքան էլ տուրիզմը գոյություն կունենա:
Նրա խոսքով` այսօր անհնար է դարձել կանգնեցնել մարդկանց ցանկությունը, որ չմեկնեն նոր երկրներ տեսնելու: Վերջինիս համոզմամբ` մեր երկիրն իդեալական երկիր է տուրիզմի զարգացման համար, և քանի որ տուրիզմի համար գլխավոր խնդիրներից մեկն անվտանգության ապահովումն է, այդ առումով Հայաստանն անվտանգ երկիր է:
«Զբոսաշրջիկը Հայաստանում իրեն անվտանգ է զգում: Ոչ մի ազգի ներկայացուցիչ խնդիր չունի այստեղ գալով»,- համոզված ասաց Ռ.Մինասյանը:











































