Ինչպես հաղորդում է France Presse լրատվական գործակալությունը, ԱՄՆ և Ճապոնիան սկսել են աննախադեպ զորավարժություններ, որոնք կրում են «Սուր թուր» («Keen Sword») անվանումը և նվիրված են ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև ռազմական համագործակցության 50-ամյակին: Զորավարժություններն անցնում են խաղաղ օվկիանոսում՝ Օկինավա կղզուց ոչ հեռու: Զորավարժություններին մասնակցելու են նաև հարավկորեական դիտորդներ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զորավարժությունների նպատակն է համատեղ մշակել համագործակցության բոլոր հնարավորությունները զինվորական բախումների ժամանակ Խաղաղ օվկիանոսում գործելու համար: Սակայն բոլորին էլ ակնհայտ է, որ այս ծավալի զորավարժությունների հիմնական նպատակը Հյուսիսային Կորեային սաստելն է, քանի որ վերջին շրջանում Հյուսիսային Կորեան ռազմական ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում:
Ճապոնիայի կողմից այդ զորավարժություններին մասնակցում են 40 ռազմանավ և 250 ինքնաթիռ: Ամերիկյան զորքերը ներկայացված են 10 հազար զինվորականներով , 20 ինքնաթիռով և 150 օդանավով: Զորավարժություններին մասնակցում է նաև «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը: Սրանք աննախադեպ թվեր են, քանի որ նախկինում համատեղ զորավարժություններին այսքան զինտեխնիկա և զինվոր ներգրավված չեն եղել: