Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իրանին երաշխիքներ է տվել Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման կապակցությամբ.
«Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայում ՌՏԿ-ի տեղակայումը ՆԱՏՕ-ի նախագիծ է։ Այդ պայմանագրում նշված չէ կոնկրետ մի երկրի մասին։ Թուրքիան ինքն է ընդունում իր տարածքին առնչվող ցանկացած որոշում։
Ես բաց հայտարարում եմ, որ մենք երբեք չենք թույլատրի, որ մեր տարածքից որևէ հարձակում ձեռնարկվի Իրանի վրա, քանի դեռ Թուրքիայի համար վտանգ չի առաջացել։ Ինչո՞ւ Իրանին միջուկային ծրագիր իրականացնել արգելող երկրները նույն կերպ չեն վարվում Իսրայելի պարագայում, որը տիրապետում է միջուկային զենքին։ Մենք ճիշտ չենք համարում այլ երկրների (Իրան) հանդեպ պատժամիջոցների կիրառումը, որոնք հենված են ենթադրությունների վրա»։
Իսկ ահա անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով իրանական խորհրդարանի կոմիտեի անդամ Մուհամմադ Կովսարին Tehran Times թերթին տված հարցազրույցում Թուրքիայի տարածքում ՌՏԿ-ի տեղակայումը որակել է որպես «ռազմավարական մեծ սխալ» և «երկակի ստանդարտների» կիրառում.
«Թուրքիայի այդ որոշումն ուղղված է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ շահերի բավարարմանը։ Դա ռազմավարական մեծ սխալ է։ Թուրքիան համաձայնել է այդ քայլին գնալ՝ Իսրայելին պաշտպանելու համար։ Այդ քայլը բացասաբար կանդրադառնա Թուրքիայի կառավարության վրա։ Պաշտոնական Անկարան վստահեցնում է, թե ՌՏԿ-ն տեղակայված չէ Իրանի դեմ։ Սակայն դրա նպատակն Իրանի հրթիռային հզորության ճնշումն է։
Եթե այդ նախագիծն իրագործվի, ապա Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները լրջորեն կտուժեն։ Թեհրանն ամեն ջանք կգործադրի՝ Անկարային իրազեկելու համար այդ քայլի բացասական հետևանքների մասին։ Հուսով ենք, որ այդ ջանքերն օգտակար կլինեն, և Թուրքիան կհրաժարվի իր որոշումից»։
Հիշեցնենք, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը Թուրքիայի տարածքում ՌՏԿ-ի տեղակայման մասին հուշագիրը ստորագրեցին սեպտեմբերի 14-ին, Անկարայում։ ՌՏԿ-ն տեղակայվելու է Թուրքիայի արևելյան հատվածում ընկած Մալաթիա նահանգի Քյուրեջիք վայրում՝ թուրք-իրանական սահմանից 540 կիլոմետր հեռավորության վրա։









































