Շվեյցարիայի ոստիկանությունը չի ձերբակալի ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, որը երեքշաբթի պատրաստվում է ներկա գտնվել Ցյուրիխի կինոփառատոնին: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, վկայակոչելով Արդարադատության և ոստիկանության դաշնային վարչության մամուլի քարտուղար Ինգրիդ Ռայզերին, 2010թ. հուլիսի 12-ին Շվեյցարիայի կառավարության կայացրած չհանձնելու որոշումը հստակ ցույց է տալիս, որ Ռոման Պոլանսկին այլևս չի հետախուզվում:
Ցյուրիխի կինոփառատոնի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ռեժիսորը Ցյուրիխ կժամանի սեպտեմբերի 27-ին և կմասնակցի հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում նրան մրցանակ կշնորհվի միջազգային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար: Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ 78-ամյա Պոլանսկին չի պատրաստվում հարցազրույց տալ:
Հիշեցնենք, ռեժիսորը ձերբակալվել է 2009 թ. սեպտեմբերի 26-ին Ցյուրիխում` ԱՄՆ իշխանությունների կողմից տրված ձերբակալության կարգադրության հիման վրա: Ամերիկյան արդարադատությունը մինչ այժմ չի փակել ռեժիսորի դեմ հարուցված 33 տարվա վաղեմության դատական գործը:
Անցյալ դարի 70-ական թթ. Պոլանսկուն մեղադրանք է ներկայացվել 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ անօրինական կապ հաստատելու համար: 2009 թ. դեկտեմբերին մի քանի ամիս Շվեյցարիայի բանտում անցկացնելուց հետո Պոլանսկին գրավի դիմաց ազատ է արձակվել և տնային կալանքի ենթարկվել: Այդ կարգավիճակում ռեժիսորը մնացել է մինչև 2010 թ. հուլիսը, երբ Շվեյցարիայի իշխանությունները որոշում կայացրին չհանձնել նրան ԱՄՆ-ին: Դրանից հետո նա անմիջապես լքել է Շվեյցարիայի սահմանները:










































