Նոյեմբերի 20-ին Բաքվում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայնոն հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Հանդիպման ընթացքում պաշտոնական Բաքուն անհամաձայնություն է հայտնել, որ Ֆրանսիան «նպատակաուղղվել է Ադրբեջանի դեմ»՝ ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով խորհրդաժողովից առաջ և ընթացքում:
Ադրբեջանի ԱԳՆ-ում արձանագրվել է, որ Ֆրանսիան իրականացրել է խորհրդաժողովը բոյկոտելու քարոզչություն և նրա ազդեցությամբ մի շարք երկրների առաջնորդներ Բաքվի հյուրընկալած միջոցառմանը չեն մասնակցել: Պաշտոնական Բաքուն նաև Ֆրանսիային է վերագրել խորհրդաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական» բանաձևի ընդունման նախաձեռնությունը:
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին դժգոհություն է հայտնվել նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին «զանգվածաբար սպառազինություններ մատակարարելու և ռևանշիզմ ու միլիտարիզմ քարոզելու» կապակցությամբ, ինչը «ձախողում է խաղաղ գործընթացը»: Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ֆրանսիայից «վճռականապես պահանջվել է վերջ տալ Ադրբեջանի դեմ գործողություններին, որ խանգարում են հարաբերությունների նորմալացմանը»:
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի արտգործնախարարություն է հրավիրվել Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևին: Ֆրանսիական կողմն անընդունելի է համարել Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովի ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ֆրանսիայի հասցեին հնչեցրած վերագրումները: Ադրբեջանի դեսպանը տեղեկացվել է, որ այդ ելույթի պատճառով Ֆրանսիայի պատվիրակությունը հրաժարվել է մեկնել Բաքու և մասնակցել խորհրդաժողովին:
Ֆրանսիայի դեսպանին հրավիրելով ԱԳՆ՝ Ադրբեջանը «հայելային պատասխան» է տվել պաշտոնական Փարիզին, բայց դա միայն ֆորմալ առումով է համարժեք քայլ: Իրականում Ֆրանսիան, նախագահ Մակրոնը կամ ֆրանսիացի որևէ պաշտոնյա Ադրբեջանի դեմ կամ նրա նախագահի մասին երբեք դիվանագիտական պատշաճությունից դուրս որևէ հրապարակային հայտարարություն չի արել:
Ադրբեջանը, մինչդեռ, անցյալ տարեվերջից Ֆրանսիայի դեմ մի քանի վարկաբեկիչ քայլեր է ձեռնարկել, իսկ Նոր Կալեդոնիայում զանգվածային անկարգությունների կազմակերպումը բացահայտ թշնամական գործողություն էր: Պաշտոնական Բաքուն իրեն թույլ է տվել Միլլի մեջլիսում ձևավորել Կորսիկայի «անկախության աջակցության» խումբ, ստեղծել Ֆրանսիայի «գաղութատիրական քաղաքականության դեմ պայքարի հարթակ»՝ ներգրավելով անձանց, որ ֆրանսիական արդարադատության կողմից մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Ֆրանսիայի դեսպանին և նրա միջոցով Ելիսեյան պալատին փոխանցված «դիվանագիտական ուղերձով» Բաքուն Փարիզին նախապայմաններ է առաջարկում և ակնարկում, որ դրանք չկատարելու դեպքում հարաբերությունները չեն նորմալանա:
Ի՞նչ որոշում կընդունի նախագահ Մակրոնը: Ալիևը «թեզանիքում պահած խաղաքարտ» ունի. Ֆրանսիան Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության մի շարք համաձայնագրեր է ստորագրել: Փորձագետները գտնում են, որ Ղազախստանն ԱԷԿ կառուցման կապալառու կընտրի ֆրանսիական ընկերությանը, ինչպես նաև ֆրանսիական աէկ-ներին ուրան կմատակարարի: Այդ ծրագրերն իրականացնելու համար Ֆրանսիան Ղազախստանի հետ հուսալի և երաշխավորված հաղորդակցության կարիք ունի: Բաքուն Փարիզ-Աստանա հաղորդակցության «հաբն» է: Ալիևը, ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքից ձգտում է մինչև վերջ օգտվել: Խնդիրը, ըստ երևույթին, ոչ այնքան Հարավային Կովկաս Ֆրանսիայի մուտքը խոչընդոտելու, որքան Ադրբեջանն այդ «մուտքի դարպաս» դարձնելու մեջ է: Փարիզը կընդունի՞ «խաղի կանոնները»:










































