ՄԱԿ-ի Անվտանգությւան խորհրդի 15 անդամ-պետություններից 9-ը պատրաստվում են կողմ քվեարկել Պաղեստինի անկախությանը: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները` հղում անելով Պաղեստինում իշխող ՖԱԹՀ-ի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Նաբիլ Շաաթի խոսքերին:
Եթե ԱԽ 9 անդամ-պետությունները կողմ լինեն Պաղեստինի անկախությանը, ապա հնարավոր է՝ ԱՄՆ-ը կիրառի վետոյի իր իրավունքը, ինչից հետո Պաղեստինը կարող է դիմել Գլխավոր ասամբլեային, որը սովորական քվեարկության ճանապարհով Պաղեստինին կարող է տրամադրել «դիտորդ-պետության» կարգավիճակ, իսկ սա նշանակում է, որ Պաղեստինն այսուհետ Միջազգային քրեական դատարան դիմում ներկայացնելու իրավունք կունենա:
Շաաթը նշել է, որ Անվտանգության խորհրդում Պաղեստինի անկախության հարցի քննարկումը կարող է 5-6 օր տևել:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անկախության հարցը քննելու է վաղը` սեպտեմբերի 26-ին:











































