Արևմտյան գրեթե բոլոր պարբերականներն անդրադարձել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Կրեմլ վերադառնալու մտադրությանը:
Բրիտանական Guardian-ը գրում է, որ Ռուսաստանի Դաշնությունում նախօրեին տեղի ունեցած քաղաքական ապագա վերադասավորումների մասին հայտարարությունները, համաձայն որի՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի մյուս տարի կայանալիք նախագահական ընտրություններում, կարող է Ռուսաստանի համար «ժողովրդավարական ուղուց շեղվելու» պատճառ դառնալ:
BBC-ն գրում է, որ Արևմուտքն այժմ մտահոգված է Պուտինի հնարավոր հաղթանակի կապակցությամբ, քանի որ նրա հետ նախկինում հեշտ չի եղել հարաբերություններ կառուցելը:
The New York Times-ը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը Արևմուտքում ավելի մեծ համակրանք է վայելում՝ քաղաքական և դատական բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն նրա կողմից նախաձեռնվող յուրաքանչյուր որոշում կարող էր բախվել Պուտինի «վետո»-ին, քանի որ Մեդվեդևը «թույլ գործադիր» է: Հատկանշական է, որ The New York Times-ը անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ հարուստ ռուսաստանցիների հարկերը պետք է ավելի բարձր լինեն:
The Washington Post-ը գրում է, որ Պուտինի հնարավոր վերադարձի մասին լուրը նման է ուղերձի այն մասին, որ Մեդվեդևի լիբերալ ռեֆորմներին ուշադրություն դարձնել այլևս պետք չէ: Թերթը գրում է, որ իրականում Պուտինը երբեք չի դադարել երկրի առաջնորդը լինելուց: Նշվում է, որ Վլադիմիրի Պուտինը հնարավոր է` լինի Ռուսաստանի նախագահը մինչև 2024 թ., քանի որ ՌԴ Սահմանադրության համաձայն՝ այժմ նախագահության ժամկետը 6 տարի է, և Պուտինը կարող է երկու անգամ անընդմեջ ընտրվել: Ինչպես The New York Times-ում, այնպես էլ այստեղ նշվում է, որ Մեդվեդևը թույլ ղեկավար է Պուտինի համեմատ և նա ընդամենը 4 տարի փոխարինեց Ռուսաստանի թիվ 1 քաղաքական գործչին՝ միայն Սահմանադրությունը չխախտելու համար:
Ֆրանսիական Le Figaro-ն էլ հիշեցնում է ԿԳԲ-ի նախկին գործակալ Պւոտինի նախագահության ժամանակ տեղի ունեցած ողբերգությունների («Կուրսկ» սուզանավ, «Նորդ-օստ», Բեսլան) ժամանակ վերջինիս դրսևորած հակասական վարքը, ինչպես նաև անդրադառնում բռնաճնշումներին ընդդիմադիրների և ընդդիմադիր մամուլի նկատմամբ:
Բացի նշված հրապարակումներից, Twitter-ում հետաքրքիր և մի փոքր ծաղրական գրառում է կատարել նաև հանրապետական սենատոր Ջոն Մըքքեյնը, ով գրել է հետևյալը. «Անակնկալ, անակնկալ… ցնցող նորություններ, Պուտինը կրկին կառաջադրվի նախագահական ընտրություններում»:
Ընդհանուր առմամբ՝ արևմտյան մամուլը մտահոգված է Վլադիմիր Պուտինի վերադարձով: Գերիշխող է այն կարծիքը, որ Ռուսաստանի ժողովրդավարական առաջընթացը, որը սկսել էր Դմիտրի Մեդվեդևը, կընդհատվի, չնայած այն հանգամանքին, որ ներկայիս նախագահը հավանաբար կգլխավորի կառավարությունը և կշարունակի այն ռեֆորմները, որի մասին բազմիցս հայտարարել էր ինքը: Սակայն այս ամենից առաջ նախ պետք է, որպեսզի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հաղթի դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում, իսկ Պուտինը հաղթի մյուս տարի սպասվող նախագահական ընտրություններում:








































