Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 25-ին նշելու է Վարագա Սբ. Խաչի տոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը`խոսելով տոնի խորհրդի և նշանակության մասին:
«Տոնի հիման վրա եկեղեցին տոնում է այլ բազմաթիվ տոներ»,- ասաց քահանան: Խոսելով տոնի արարողակարգի մասին` նա տեղեկացրեց, որ կան բազմաթիվ շարականներ, որոնք ներկայացվում են տոնի շրջանակում:
«Տոնին նախորդող մեկ շաբաթը համարվում է պահքի շրջան: Տոնի նախորդ օրը կատարվում է նախապատարագ, իսկ տոնի օրը Սուրբ պատարագ է մատուցվում, և մեծ շուքով տոնվում է հենց Վարագա վանքում: Արարողակարգը երբևէ չի փոխվել, միայն շարականներն են ավելացել»,- նշեց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը`ընդգծելով, որ հայ եկեղեցին անում է ամեն բան, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի և նշի եկեղեցական տոները:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին ամբողջ տարվա ընթացքում խաչին նվիրված չորս տոն է նշում:










































