Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման նպատակով ներկայում նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում։ Նորք Մարաշ վարչական շրջանի Գ․Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող 1364 մետր երկարությամբ երթուղու մի հատվածում արդեն իսկ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 19-ին անձամբ այցելեց և տեղում հետևեց ճանապարհի կառուցման աշխատանքներին։«Մոտ 1,4 կիլոմետր երկարությամբ գտնվող հատվածում իրականացվել են կոմունիկացիաների միասնական աշխատանքները։ Սա հազվադեպ է, որ խիտ կառուցապատման գոտում իրականացվում է միասնական ենթակառուցվածքի աշխատանքներ, այսինքն՝ կոյուղի, լույս, ջուր բոլորը միասին անցկացվել են գետնի տակ։ Ներքևի հատվածում արդեն իսկ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկույթի առաջին շերտը։ Մեր պլանավորմամբ այս աշխատանքները պետք է ավարտվեն մոտ 1-1,5 ամսվա ընթացքում և Նորք Մարաշից ճանապարհ ենք ունենալու դեպի Արմենակյան փողոց, որն էականորեն բեռնաթափելու է հենց վերջինս»,-ասաց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ հաջորդ փուլում կդիտարկվի Սարալանջի ընդլայնման ծրագիրը։ Մասնավորապես՝ կնախագծվի և կիրականացվի գխավոր հատակագծով նախատեսված՝ դեպի Դավիթ Բեկ գնացող ճանապարհի կառուցումը։ «Ամենակարևոր ծրագրերից մեկը, որի նախագիծն այս պահի դրությամբ վերանայվում է, Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցից դեպի Մյասնիկյան միացող նոր ճանապարհի կառուցումն է, որն արդեն կբեռնաթափի վարչական այդ շրջանի ճանապարհները»,-ասաց Ավինյանն՝ ընդգծելով, որ նշված ծրագրերը կյանքի են կոչվում դառնում Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված՝ եկամուտների ավելացման ջանքերի շնորհիվ, որի արդյունքում 2024 թվականին եկամուտներն ավելացել են մոտ 40 տոկոսով, որոնք ուղղվում են մայրաքաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը։Քաղաքապետի հավաստմամբ՝ ինչպես ճանապարհների, այնպես էլ՝ ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը շարունակական են լինելու։Կապալառու ընկերության փոխտնօրեն Վարդան Կարապետյանը ներկայացնելով Նորք Մարաշ Գ․Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկին միացնող նոր ճանապարհի կառուցման ընթացքը, նշեց, որ մինչև բուն ճանապարհաշինական աշխատանքները, ուսումնասիրվել է տարածքում տեղափոխման ենթակա ենթակառուցվածքների առկայությունը։«Հողային աշխատանքներին զուգահեռ տեղափոխվել են բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները, որոնք ընկնում էին ճանապարհի ծածկույթի տակ։Ներկայումս գրեթե բոլոր կոմունիկացիաները տեղափոխվել են։ Ճանապարհի ներքևի հատվածում ասֆալտապատման աշխատանքներն արդեն սկսել ենք, իսկ վերևում ընթանում են հողային պաստառի կարգավորման աշխատանքները»,-մանրամասնեց Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառուցվող ճանապարհի մեկ երրորդն ասֆալտապատման գործընթացում է։