ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2024-ին ոլորտում իրականացրած մի շարք փոփոխություններից կարծրատիպեր կոտրող է համարում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատմանն ու նրանց կարգավիճակի ճանաչմանն ուղղված բարեփոխումը։ Այս մասին նախարարն ասաց սեպտեմբերի 19-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված հանդիպումներից մեկի ընթացքում։«Մենք կարողացանք Հայաստանում հաջողությամբ ներդնել այն։ Առաջին փուլը հաղթահարված է, հիմա այն երկրորդ փուլում է։ Ֆունկցիոնալության գնահատման համակարգն առաջին անգամ սկսեց գործարկվել ամբողջությամբ թվային տիրույթում։ Քաղաքացու առողջությունը սկսում է մեկ այցով, այնուհետև ամբողջ գործընթացը շարունակվում է թվային տիրույթում և վերջին փուլում նոր պետք է կրկին փորձաքննության ենթարկվի, և քաղաքացին այցելի մեր միասնական սոցիալական ծառայության կենտրոններ»,-նշեց նախարարը։Նրա խոսքով՝ դա տասնամյակներ գործող համակարգի փոփոխություն էր, որը նախարարությունը շարունակում է կայացնել։
Ըստ Մկրտչյանի՝ մեկ կամ երկու տարին անգամ բավարար չեն ցանկացած մեծ փոփոխություն լիարժեք արձանագրելու համար։ Նարեկ Մկրտչյանը կարևոր ու նշանակալի փոփոխություն է համարում աշխատանքի և զբաղվածության նկատմամբ մշակույթը փոխելը։ «Այս առումով կարևոր նախադրյալ է աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը տարբեր ուղղություններով։ Քառասուն տոկոս և ավելի մենք կարողացել ենք փոխել աշխատանքային օրենսգիրքը, ինչից բխել են ավելի երկարաժամկետ նախաձեռնություններ, ռազմավարություններ, որոնց մասին մենք առիթ կունենանք խոսելու»,-շեշտեց Մկրտչյանը։Նախարարը վստահ է՝ նման փոփոխությունները բերում են վարքագծային փոփոխությունների։ «Երբ քննարկում էինք ֆինանսական թվային գործիքների կիրառմամբ վարքագծի փոփոխությունը թոշակառուների, նպաստառուների շրջանում, և նախաձեռնվեց հետվճարի համակարգը, ամենամեծ քննադատությունն այն էր, որ կենսաթոշակային տարիքի մարդիկ հազիվ թե կարողանան օգտվել այդ ծառայությունից, սակայն կարող եմ ասել, որ մենք երկու տարվա ընթացքում կենսաթոշակառուների, նպաստառուների կողմից անկանխիկ թվային գործիքների միջոցով վճարների ծավալը հասցրինք մինչև 300 մլն դոլարի։ Տեսանելի է, որ այդքան գումար ծախսվում է առցանց կարգով»,-տեղեկացրեց նախարարը։Ըստ նախարարի՝ հնարավոր չէ որևէ ոլորտային փոփոխություն իրականացնել, եթե չկա միջգերատեսչական համագործակցություն։ Իրենց հաջողված ծրագրերը կյանքի են կոչվել նաև այլ նախարարությունների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ։