Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Իտալիա, որտեղ կքննարկի պաշտպանական գործակցության հարցեր: Ըստ ամենայնի, նրա այցը պայմանավորված է որեւէ կոնկրետ թեմայով, որ Հռոմի հետ համաձայնեցրել է Իլհամ Ալիեւը, որն օրեր առաջ էր պաշտոնական այցով մեկնել Իտալիա: Խոսքը կարող է վերաբերել սպառազինության ձեռքբերմանը, կամ պաշտպանական ոլորտում որեւէ այլ գործակցության:
Եվ այդ ֆոնին, Բաքուն հիստերիա է բարձրացնում Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանական գործակցության առնչությամբ, ու դա այն պարագայում, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գործակցությունը թե ժամանակային, թե ծավալային առումով զգալիորեն հեռու է օրինակ ադրբեջանա-իտալական գործակցության հետ համեմատվելուց: ԵՄ անդամ Իտալիան այդ առումով Ադրբեջանի վաղեմի գործընկերն է:
Սակայն, Իտալիայի հետ հարաբերության առումով հարկ է ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանք: Տեւական ժամանակ է, ինչ բավականին սառնություն կամ նյարդայնություն կա Իտալիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունում: Ադրբեջանն անկասկած Իտալիան դիտարկում է Ֆրանսիայի դեմ իր քաղաքականության համատեքստում:
Եվ այստեղ իհարկե հարց է, արդյո՞ք Հռոմն էլ իր հերթին նույնը դիտարկում է Ադրբեջանի առնչությամբ, պատրաստ լինելով Բաքվի միջոցով Ֆրանսիայի հետ «պրոքսի» դիմակայության: Կասկածից վեր է, որ ադրբեջանա-իտալական գործակցությունը Բաքվի համար որպես առանցքային նպատակ կամ առաջնահերթություն ներառում է նաեւ «հակաֆրանսիականությունը»: Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք Եվրամիության անդամ Իտալիայի համար էլ Ադրբեջանի հետ գործընկերությունը պարունակում է այդ բաղադրիչը: