ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կմեկնարկի «Շիրակյան ուտեստներ» փառատոնը, որի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, «Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում ներկայացվելու են տարածաշրջանին բնորոշ ուտեստները և դրանց պատրաստման ընթացքը: Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն և մոռացված ուտեստներին, մասնակցելու համտեսի։Ըստ աղբյուրի՝ «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրության նպատակն է Ալեքսանդրապոլը` այժմյան Գյումրին, ներկայացնել որպես Հայաստանի ինքնատիպ կոլորիտ ունեցող եզակի քաղաք, պատկերացում տալ Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղի մասին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ճանաչելու ու արժանվույնս գնահատելու դրանք: Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով։