Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Աթոյանը այցելել են Կոտայքի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ՝ «Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն», «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա», «Նոր Հաճընի պոլիկլինիկա»: Այցի նպատակն էր պարզելու բնակչության, ինչպես նաև բուժաշխատողների շրջանում պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները, խնդիրները:
Քննարկումների ընթացքում Լենա Նանուշյանը խոսել է նաև ծնողների հետ, փորձել վեր հանել հատկապես կարմրուկի կանխարգելման դեմ չպատվաստվելու պատճառները, խորհուրդներ տվել չհետևել տարատեսակ միֆերին և հակագիտական թեզերին` հորդորել խոսել բժշկի հետ և պատվաստվել:
Այցի ընթացքում մեկ անգամ ևս կարևորվեց բուժաշխատողների դերը բնակչության շրջանում պատվաստումների կարևորության մասին իրազեկման և վստահության ամրապնդման գործընթացում: Հենց տեղում` Նոր Հաճընի պոլիկլինիկայում, սեզոնային գրիպի դեմ պատվաստվեցին նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
Հիշեցնենք, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: