ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։«ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, այդ թվում նաև՝ ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ըստ աղբյուրի՝ զինծառայողն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։ Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է։Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: