Այսօր առավոտից լարված իրավիճակ է Երևան-Աբովյան մայրուղում. Կան բերման ենթարկվածներ։
ՆԳՆ ոստիկանությունը փորձում է ճանապարհի այդ հատվածին հարող տարածքի խանութների ավտոկայանատեղիները փակել՝ տարածքում երկաթյա պատնեշներ դնելով։ Տնտեսվարողները դժգոհում են, որ այդպես խաթարվելու է իրենց բնականոն աշխատանքը, և հաճախորդները կայանել չեն կարողանա։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՆԳՆ ոստիկանություն, որտեղից հայտնեցին. «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից Վերին Պտղնիի հատվածում տեղադրվում է ուղեփակոց։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տեղում ապահովվում է հասարակական կարգը։ Երկու անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում․ ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում»։