Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը ապատեղեկատվություն է համարել գերմանական լրատվամիջոցի տեղեկատվությունը, թե Կիևի կողմից ԱՄՆ-ի ներկայացուցիչներին փոխանցվելիք ծրագիրը ներառում է նաև մարտական շփման գծում տեղային հրադադար հաստատելու պատրաստակամության մասին կետ: «Украинская правда»-ին տված մեկնաբանությունում Դմիտրի Լիտվինը հայտարարել է, որ գերմանական Bild թերթը կեղծ լուր է տարածել:«Bild-ը չի տեսել Հաղթանակի ծրագիրը, և այն սակավաթիվ մարդկանցից, ովքեր ներկայումս ներգրավված են նախագահի կողմից Հաղթանակի ծրագրի նախապատրաստման մեջ, ոչ մեկը չի խոսել Bild-ի հետ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկու խորհրդականը՝ հավելելով, որ Ուկրաինան դեմ է պատերազմի ցանկացած սառեցմանը։ Ավելի վաղ՝ գերմանական թերթը գրել էր, որ Ուկրաինայի, այսպես կոչված, «հաղթական պլանը», որը Զելենսկին ցանկանում է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավարի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին, ներառում է որոշակի գծերում հրադադարի՝ Կիևի պատրաստակամությունը: