ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվող Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահն ուղերձում նշել է. «Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից:
2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, ու մեր քաղաքական թիմը շարունակելու է անշեղորեն գնալ այդ ճանապարհով:
Վստահեցնում եմ, որ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում ևս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա` մնալով կայուն, աննահանջ ու որպես հաջողված օրինակ ժողովրդավարության ճանապարհը նոր բռնող երկրների համար»: