Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Ահմադիան բանակցություններից հետո Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան ներկայացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր մոտեցումները և հույս ունի, որ Թեհրանը «լայդ փաստարկները տեսել և ընկալել է»:
Դատելով իրանական կողմից արձագանքից, որ այս անգամ արտահայտվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից տարածված հայտարարությամբ, Մարիա Զախարովայի տպավորությունն իրականությունից բավական հեռու է:
«Որպես տարածաշրջանային տերություն, Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր տոկունությունը՝ ներառյալ հաղթանակը Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում,»—ասված է ԻՀՊԿ հայտարարության առաջին նախադասությամբ, ինչպես տարածել է Irna-ն: Իրանն, ըստ այդմ, ակնհայտորեն ցույց է տվել, որ «ոչ մի արտաքին ուժ, լինի քաղաքական, թե ռազմական, չի կարող թուլացնել այդ ազդեցությունը»:
Հետևում է գլխավոր ասելիքը. «Իրանի շահերի շրջանցմամբ տարածաշրջանային բալանսը փոխելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական դիմադրության, և երկիրը կշարունակի պաշտպանել քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում իր շահերը»:
Փաստացի կրկնված է այն, ինչ Թեհրանը խորհրդարանական ներկայացուցիչների մակարդակով ասել է Ահմադիանի Ռուսաստան ուղևորվելու նախօրեին, թեև տեքստում «Զանգեզուրի միջանցքի» և Ռուսաստանի մասին հասցեականության բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ Սանկտ-Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը նույնպես տեսել է իրանական կողմի հիմնավորումները և փաստարկները և «դրանք ընկալել է»:
Այդուհանդերձ, Ռուսաստան-Իրան երկխոսությունը շատ նման է «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես» իրավիճակին: Մոսկվան միայն ժամանակ է ձգում՝ սպասելով ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում Պուտին-Փեզեշքյանի բանակցություններին:
Այս առումով Մոսկվա-Թեհրան երկխոսության մեջ ռուսական կողմի հիմնական նարատիվի մասին կարելի է պատկերացում կազմել թեմայի շուրջ Բաքվի իշխանական լրատվամիջոցի «անմեղ տարակասունքից»: Ըստ այդմ, արդեն երեսուն տարուց ավելի է՝ Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում է Ռուսաստանը, և «արտառոց է, երբ Իրանը ասում է, որ երկաթգծի գործարկումը կփակի դեպի Եվրոպա իր «պատուհանը» և կխզի Հայաստանի հետ ֆիզիկական կապը»:
Հասկացվում է, որ Ռուսաստանն Իրանին հավաստիացնում է, որ «միջանցքի» իր վերահսկողությունը «չի կտրում Հայաստան-Իրան կապը», ինչը Թեհրանի կողմից լիովին կամ մասամբ չի «ընկալվում»:
Այս ֆոնին առանձնահատուկ կարևորություն է ստանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի Երևան այցը և հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ: Օվերչուկը տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի համանախագահն է:
Կարելի՞ է ենթադրել, որ նույն հիմնավորումները և փաստարկները, որոնք Պուտինը ներկայացրել է Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ, Օվերչուկը բերել է Երևան, որպեսզի Հայաստանին վստահեցնի, որ Սյունիքում «միջանցքի» ռուսական հսկողությունը «չի խոչընդոտի» Իրանի հետ հաղորդակցությանը:
Այս «խճճանքում» ամենաէականը, թերևս, այն է, որ Ռուսաստանը բաց խոսում է «Զանգեզուրի հարցում Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին հավատարիմ մնալու» մասին: Դա, կարծես, իրավիճակի գնահատման «բանալին» է:
Հստակ չէ, թե ինչ «նախկին պայմանավորվածությունների» մասին է խոսքը: Թուրքմենչայի պայմանագրով ճշգրտված ռուս-պարսկական սահմանի՞, թե՞ անցյալ դարասկզբին ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը հայկական և քրդական մասերի բաժանելու հարցում դեր խաղացած ղաջարական Պարսկաստա՞նն է ունեցել:
Եթե ասվածը նման ենթատեքստ ունի, ապա պետք է խոստովանել, որ խնդրի հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական, վերլուծաբանական ընկալումը մակերեսային է կամ գիտակցաբար այդպես է ներկայացվում:
Եվ առաջին հերթին պետք է փորձել հասկանալ Հայաստանի սահմանի այդ հատվածի վերաբերյալ Իրանի իրավական և ռազմա-աշխարհաքաղաքական գնահատումը: Այսինքն՝ դա հայ-իրանական հարաբերություններում իրական հստակություն ունե՞ր, թե նախկին պայմանավորվածությունների օբյեկտ է և ռուս-իրանական է, որը «միջանցքի» գործարկմամբ կարող է առնվազն մասնակիորեն վերածվել թուրք-ադրբեջանական-իրանականի՞: Ավելի պարզ ասած՝ Իրանը այդ քառասուն կիլոմետրանոց «շերտի» նկատմամբ Ռուսաստանի որևե իրավունք ճանաչում է, բայց դեմ է այն Թուրքիայի և Ադրբեջանի օգտին կիրառելուն, թե՞ այն միանշանակորեն ընդունում է որպես Հայաստանի սուվերեն սահման: