Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի Հայաստան այցը հաջորդում է այդ երկրում վարչապետի նշանակմանը, եւ այս հանգամանքն ըստ իս արժե դիտարկել ամենեւին ոչ միայն տեխնիկական հարթության վրա: Հանգամանքը, որ Ֆրանսիայում երկամսյա հետընտրական դադարից հետո նշանակվում է վարչապետ, ինչից օրեր անց հայտնի է դառնում Ֆրանսիայի արտգործնախարարի Հայաստան այցի մասին, կարող է ունենալ բավականին էական քաղաքական շերտ, կամ արժանի լինի դրա հավանականության վերաբերյալ փոքր ինչ ուշադիր դիտարկման:
Ֆրանսիայում վարչապետ է նշանակվել ներքաղաքական, հետընտրական բավականին բարդ շրջանում, որը նաեւ ուղեկցվում է թե համաշխարհային քաղաքական բարդ միջավայրով՝ ինչն արդեն ավանդական գիծ է, թե եվրոպական քաղաքական հարթությունում Ֆրանսիայի համար գոյություն ունեցող մարտահրավերներով: Ֆրանսիայում հետընտրական ցնցումներ չեն, սակայն լարվածությունն ակնառու է: Արտահերթ ընտրությունը, որ Եվրախորհրդարանի ընտրությանն աջերին պարտվելուց հետո նշանակեց նախագահ Մակրոնը, ըստ էության չօգնեց կայուն վերադասավորել քաղաքական դաշտը եւ ուժերի հարաբերակցությունը:
Առաջին փուլում Մարի Լե Պենի ծայրահեղ աջերի հաղթանակը անհանգստացրեց ամբողջ ֆրանսիական դաշտին, ու քաղաքական համակարգը ըստ էության հավաքականորեն արեց առավելագույնը, երկրորդում նրա հաղթանակ թույլ չտալու համար: Դա ստացվեց՝ ընտրության արդյունքի տեսքով, սակայն ամենեւին ոչ հանրային տրամադրությունների կառավարման: Հենց դա է պատճառը, որ նախագահ Մակրոնը վարչապետի պաշտոնին նշանակեց հենց աջ-պահպանողական գաղափարախոսության կրող Բերնիեյին, որը լինելով ֆրանսիական քաղաքականության բազմափորձ կորիֆեյներից, թերեւս պետք է լուծիիրավիճակը կայունացնելու, բալանսավորելու խնդիրը:
Ընդ որում, չնայած ֆրանսիական սահմանադրական կարգը վարչապետի պաշտոնի համար ըստ էության չի սահմանում արտաքին քաղաքական նշանակություն, այդուհանդերձ ներկայիս ոչ ստանդարտ վիճակում Բերնիեյի նշանակումը օժտված է լինելու երեւի թե նաեւ այդ երանգով: Նրա ընտրությունը ոչ միայն գաղափարախոսության, այլ նաեւ կենսափորձի իմաստով՝ հատկանշական է: Նա եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, նա եղել է Եվրահանձնակատար:
Այլ կերպ ասած Բերնիեն ունի մասշտաբային հայեցողության մեծ փորձ, ինչի դե ֆակտո կիրառականությունն է նաեւ թերեւս եղել նրա նշանակման հաշվարկը, այն իմաստով, որ Ֆրանսիայի նոր՝ աջ վարչապետից թերեւս ակնկալվում է նաեւ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական միջավայրում Ֆրանսիայի գործերի եւ անելիքների բալանսավորում: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանում նոր վարչապետի նշանակումից օրեր անց: Թեեւ հայտնի չէ՝ Սեժուրնեն կմնա կառավարությունում իր կարգավիճակում, թե ոչ, բայց Ֆրանսիայի պարագայում անշուշտ նախարարի անձը չէ առանցքայինը:
Նա քաղաքականության կրող է: Իսկ Ֆրանսիայի քաղաքականության համար կովկասյան ուղղությունը անշուշտ առանցքայիններից մեկն է, եւ ոչ միայն բուն ռեգիոնի, այլ նաեւ ավելի լայն՝ մերձավորարեւելյան քաղաքականության համատեքստում: Հայաստանն այդտեղ Փարիզի համար ունի էական նշանակություն, սա նորություն չէ, եւ իհարկե նաեւ «լավության» հարց չէ: Ֆրանսիան իր արեւելյան քաղաքականությունը կառուցում է նաեւ քրիստոնեական արժեքների վրա հենվելով, իսկ Հայաստաննու նաեւ հայկական գործոնը ավելի լայն մերձավորարեւելյան ռեգիոնի իմաստով, գոյություն ունեցող պատմաքաղաքական շոշափելի շերտ են առավել եւս այդ տեսանկյունից:
Սա աշխատանքային հնարավորության դաշտ է, որտեղ արդյունավետ լինելու համար անշուշտ պետք է մի կողմից պատրաստ լինել Փարիզի հետ սերտ քաղաքական աշխատանքի, միեւնույն ժամանակ սառը հաշվարկել հնարավորությունների եւ ռիսկերի հարաբերակցությունը, թե Հայաստանի պետական շահից, թե նաեւ հենց նույն հայ-ֆրանսիական հարաբերության կայուն եւ արդյունավետ հեռանկարների շահից ելնելով: