Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։
Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։
«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնագիրը։ Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են ԱՄՆ-ի և Հայաստանի ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և ներդրումների, կրթության ոլորտներում։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակական ջանքերին՝ աջակցելու բարգավաճ, ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստանին, ինչը շահավետ է ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ավելի լայն Կովկասի տարածաշրջանի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։