Բաքվում ԱՄՆ դեսպանատունը haqqin.az-ի «սեփականատեր» եւ գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւին մերժել է Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տալ: Այդ մասին Ֆաթուլլաեւը հայտնել է անձամբ:
Ֆաթուլլաեւը 2005 թվականին Թբիլիսիից հասել է Երեւան, ապա ուղեւորվել Ստեփանակերտ, որտեղ մնացել է մի քանի օր՝ որպես «Մոնիտոր» պարբերականի թղթակից, որտեղ էլ հրապարակել է «Ղարաբաղյան օրագիր» նոթերը: Խոջալուի դեպքերին նվիրված հոդվածում նա ասել է, որ տեղական իշխանությունները «մարդկանց թողել են պատանդ, իսկ սեփական անասունները տեղափոխել են Աղդամ», կասկածի տակ դնելով Խոջալու գյուղը «պաշարման ենթարկված լինելու» մասին Բաքվի պաշտոնական թեզի հավաստիությունը:
Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ «Խոջալուի բնակիչների արժանապատվությունը վիրավորելու, մարդկանց անասունների հետ համեմատելու մեղադրանքով»: Բանտում նրա դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել՝ թմրանյութեր պահելու եւ կալանավորների շրջանում դրանց իրացման մեղադրանքով: ՄԻԵԴ-ը Ֆաթուլլաեւին ճանաչել է քաղբանտարկյալ, նրա նկատմամբ կայացրել արդարացման վճիռ, որը հաստատվել է Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից:
Բանտից ազատ արձակվելուց անմիջապես հետո Ֆաթուլլաեւը հիմնադրել է haqqin.az-ը եւ ընդդիմադիր լրագրողից վերածվել Իլհամ Ալիեւի եւ նրա իշխանության ամենամոլեռանդ աջակցի: Ըստ երեւույթին, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հենց այդ հանգամանքն է հաշվի առել, երբ պահանջել է, որ նա ներկայացնի իր նկատմամբ ընդունված բոլոր դատական վճիռները:
Ֆաթուլլաեւը գրել է, որ ԱՄՆ այցելության նպատակը նախագահական ընտրությունների լուսաբանումն էր: Վիզա տալ-չտալու հարցը ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է, մերժում շատերն են ստանում: Ֆաթուլլաեւի պարագայում ուշագրավ է, որ նա Միացյալ Նահանգներին կշտամբում է «այն բանի համար, որ իրեն չի գնահատել որպես Ուկրաինայի պաշտպան եւ Ռուսաստանի քննադատ»:
— Այսուհետեւ ես կպաշտպանեմ Վլադիմիր Վլադիմիրովիչին (ՌԴ նախագահ Պուտինին) եւ Ռուսաստանից ներողություն եմ խնդրում,— գրել է Ֆաթուլլաեւը: Ըստ էության, սա խոստովանություն է, որ haqqin.az-ի պրոուկրաինական բոլոր հրապարակումներն արվել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցված եւ նպատակ են ունեցել ապակողմնորոշել Բաքվում ԱՄՆ եւ եվրոպական երկրների դեսպաններին:
Ֆաթուլլաեւը, երևում է, գերագնահատել է տեղեկատվական «Շտիրլիցի» իր հնարավորությունները կամ Ադրբեջանի հատուկ ծառայություններն են «վառվել»՝ չկարողանալով նրա համար արժանահավատ ալիբի ստեղծել, եւ նա առնվազն Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից բացահայտվել է որպես իրականում ռուսաստանյան Narrative-ների քարոզիչ:
Ռուսաստանից ներողություն խնդրելու մասին Ֆաթուլլաեւի հրապարակային ինքնախարազանումը նույնպես վկայում է, որ նա հավաքագրված դեզինֆորմատոր է՝ ծածկաքող ստեղծելով, որ Ադրբեջանը «ցավում է» Ուկրաինայի համար, որպեսզի ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունից ուշադրություն շեղի:
Շատ հավանական է, որ Ֆաթուլլաեւը Միացյալ Նահանգներ մուտքի վիզա չի ստացել նաեւ այն պատճառով, որ նախագահական ընտրությունների հարցում Իլհամ Ալիեւը դեռեւս ամիսներ առաջ է պարզորոշ արտահայտվել Թրամփի հաղթանակին աջակցելու մասին: ԱՄՆ-ում կայուն ընկալում կա, որ Թրամփի ընտրությանն աջակցում է նաեւ Ռուսաստանը:
Ռուսաստանի բազմաթիվ լրատվամիջոցների նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել: Ֆաթուլլաեւը, ըստ երևույթին, փորձել է լրացնել ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսաստանյան կողմի մեդիաբացակայությունը:
Նա ասել է, որ ԱՄՆ դեսպանատանն իր նկատմամբ կոպիտ, գրեթե թշնամական են վարվել, արգելել են մտնել տարածք: Սա ակնհայտորեն տեղեկատվական կազմակերպված ակցիա է, որի նպատակն է ֆոն ստեղծել, որ ԱՄՆ-ը «չի հարգում խոսքի ազատությունը»: Ֆաթուլլաեւը, ըստ ամենայնի, իր վրա է վերցրել Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների «հայելու» դեր: Հնարավոր է, որ դա «ծուռ հայելի» է: Բայց այդ դեպքում նա կարող է բացահայտվել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: