ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը այցելել է Հայաստան եւ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական տեղեկկատվության, այդ հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությանն ու ԵԱՏՄ օրակարգին առնչվող հարցեր: Սակայն, հարկ է հիշել, որ Օվերչուկը այն աշխատանքային խմբի համանախագահներից է, որը ստեղծվել է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա եւ զբաղվում է, կամ զբաղվում էր ճանապարհների ապաշրջափակման հարցերով:
Իսկ այդ թեման վերջին մեկ-երկու շաբաթներին բավականին ակտիվոորեն շրջանառված թեմա է: Հատկապես ուշադրության էր արժանացել այն, որ Իրանը պարբերական մտահոգություն արտահայտեց «զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ, անգամ Իրանի ԱԳՆ հրավիրելով ՌԴ դեսպանին եւ փոխանցելով այդ մտահոգությունը, որ Թեհրանը ունեցել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների հայտարարություններից: Իրանին հանգստացրեց ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն, համենայն դեպս ըստ իրանական մամուլի: Նախօրեին նա հանդիպելով Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, որը Ռուսաստան էր ժամանել ԲՐԻԿՍ միջոցառման առիթով, հավաստիացրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այդ հարցում Իրանի հետ պայմանավորվածություններին: Իհարկե մանրամասներ հայտնի չեն, թե հատկապես ինչ պայմանավորվածություններ ունեն այդ առումով Իրանն ու Ռուսաստանը, որոնց հավատարմությունը հավաստիացրել է Շոյգուն, բայց այդ դեպքում Օվերչուկն իհարկե ըստ էության քիչ խոսելու բան պետք է ունենար ճանապարհների թեմայով:
Սակայն, դատելով նրան ուղեկցողներից, մասնավորապես՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինի առկայությունից, որը երեկ զրույց էր ունեցել հայ-թուրքական կարգավորման գործընթացի թուրք հատուկ բանագնաց Քըլըչի հետ, Օվերչուկի խոսելիքն այդուհանդերձ ռեգիոնալ է եւ հանդիպումը հազիվ թե սահմանափակված լիներ հայ-ռուսական կամ ԵԱՏՄ թեմաներով: Թերեւս կասկածից վեր է, որ առնվազն հայ-թուրքական թեման եղել է Փաշինյան-Օվերչուկ սեղանին, եւ հարցն այն է, թե ինչ դիրքով: