Սեպտեմբերի 23-30-ը Սանկտ-Պետերբուրգում կկայանա «Ուղերձ առ մարդը» 21-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի միջազգային ժյուրի է հրավիրված նաև հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի մյուս անդամներն են` Ջանֆրանկո Ռոզին Իտալիայից, Անտոնիո Դելգադոն Իսպանիայից, Մարիուշ Ֆուրկաշը Լեհաստանից և Վիտալի Մանսկին Ռուսաստանից:
Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ցուցադրվել են դեռ 1989-ին «Ուղերձ առ մարդը» առաջին փառատոնում, իսկ 1993-ին ռեժիսորի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը այս փառատոնում արժանացել է երեք մրցանակի:
Փառատոնի նախագահն է ռուսաստանցի անվանի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, տնօրենը և հիմնադիրը` հայտնի վավերագրող Միխայիլ Լիտվյակովը:











































