Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ անցյալ տարի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել Հայաստանի իշխանությունների պահանջով: «Արդարություն» խմբակցությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել է 2020թ. նոյեմբերի 10-ին, Երևանում զանգվածային անկարգությունների հետ գրեթե համաժամանակյա տարածված պաշտոնական հայտարարությամբ, որին միացել է ևս երկու՝ ՀՅԴ և «Ժողովրդավարություն» խմբակցությունները:
Բայց դա կարելի է համարել «էմոցիոնալ պոռթկում» կամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ «ինքնաբուխ բողոք»: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսի 30-ի լույս գիշերը, կարելի է համարել քաղաքական Ստեփանակերտի «բարդուղեմիոսյան գիշեր»:
Այդ օրն Արայիկ Հարությունյանը խորհրդարանական քննարկում է նախաձեռնել, որին մասնակցել են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
Մանրամասնություններ առայսօր հայտնի չեն: Ընդհանուր պատկերացում տալիս է լրատվամիջոցներից մեկի ռեպորտաժը, որտեղ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստանը ասում է, որ Արայիկ Հարությունյանը իրավիճակը ներկայացրել է «սև-սպիտակ» և օրակարգ է բերել Եվլախում բանակցություններ սկսելու Բաքվի առաջարկությունը, որը «պաշտպանում են միջազգային միջնորդները, Հայաստանի իշխանությունն էլ նույնն է հորդորում»:
Դավիթ Գալստանը քննարկումներից մի քանի ժամ անց երևանյան լրատվամիջոցին ասել է, որ իրենք չեն կարծում, թե «իրավիճակը սև-սպիտակ է», և ելք տեսնում են: Ո՞րն է դա՝ հարցին Դավիթ Գալստյանը պարզորոշ պատասխանում է, «Գլխավոր դերակատարի, այսինքն՝ Արայիկ Հարությունյանի հեռանալը»: Նա գնահատում է, որ այդ դեպքում «դրական տեղաշարժ կլինի»:
Արայիկ Հարությունյանի նախաձեռնած քննարկման սղագրությունը կամ ամբողջական տեսագրությունը ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ չէ, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչ ոգով է այն անցել. նա փորձել է խորհրդարանի քաղաքական ուժերի, նախկին նախագահների աջակցությունն ստանալ, որպեսզի Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցությունների պատվիրակություն կազմի, այդ մասին տեղյակ պահի շահագրգիռ դերակատարներին և Ադրբեջանին:
Խորհրդարանը և ԼՂՀ նախկին նախագահներն այդ գաղափարը ոչ միայն մերժել են, այլև հակակոնցեպցիա առաջադրել, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականն է «դրական տեղաշարժերի նախապայմանը»:
Ըստ էության, ամբողջ գիշեր տևած քննարկումներից Արայիկ Հարությունյանը նստավայր է վերադարձել արդեն դե-ֆակտո պաշտոնանկված: Նույն օրվա վերջին, ինչպես Ստեփանակերտի իրազեկ աղբյուրներն են վկայում, «Արցախի դիմադրության և զարգացման ճակատը», որը բացահայտվել էր իբր՝ որպես փաստացի և «միակ օրինական» իշխանություն, մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի գործուղել է Ասկերան, որտեղ բետոնասալիկներով փակել էին Աղդամի ճանապարհը:
Պատվիրակությունը Ասկերանի ակտիվիստներին փորձում է համոզել, որ ՌԴ զորախմբի բեռնատար մեքենաների ճանապարհը բացեն, որպեսզի «խաղաղապահները» բեռնաթափեն Ադրբեջանի «մարդասիրական օգնությունը» և հասցնեն Ստեփանակերտ: Գաղափարը մերժվում է:
Ժամեր անց «Արցախի դիմադրության և զարգացման ճակատը» իր ֆեյսբուքյան էջում տարածում է հայտարարություն, որով Աղդամի ճանապարհը բացելու նախաձեռնությունը վերագրում է Արայիկ Հարությունյանին: «Միայն նախագահը կարող էր նման քայլ արտոնել»,— ասված է հայտարարությունում և ամփոփված է, որ դա «Արցախի դիմադրության և զարգացման ճակատի» կողմից «սահմանված կարմիր գծի կոպիտ խախտում է»: Սա արդեն ոչ քաղաքական վերջնագիրն էր, որից ժամեր անց Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել:
Այս «պատմությունը» մի էական հարց է հարուցում. Արցախի սահմանադրությամբ՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ նախագահը լիազորվում է նրան փոխարինել 40-օրյա ժամկետով: Դավիթ Իշխանյանը նախագահի պաշտոնակատար է մնացել ընդամենը մեկ շաբաթ: Դավիթ Գալստանի ասած «դրական տեղաշարժերը» կապված էին բացառապես Սամվել Շահրամանյանի նախագահ ընտրվելու հետ: