Ինչպես նաև կանխատեսել էինք, ԲՐԻԿՍ-ի երկրների անվտանգության պատասխանատուների Պետերբուրգյան հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Պուտինի մասնակցությունը վկայում է, որ նա այնտեղ շատ կարևոր անելիքներ ունի:
ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Պուտինը հանդիպում է ունեցել ազգային անվտանգության հարցերով Հնդկաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Դովալի հետ:
Հանդիպման բաց մասում վերջինս ասել է, որ վարչապետ Մոդին ցանկացել է, որ ինքը մեկնի Սանկտ-Պետերբուրգ և Ռուսաստանի նախագահին անձամբ պատմի Հնդկաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի բանակցությունների մասին:
«Դա փակ ձևաչափ էր, ես վարչապետի հետ էի»,— ասել է Դովալը և խոստացել, որ Ռուսաստանի նախագահին կտեղեկացնի բանակցությունների բոլոր մանրամասներին:
Միայն այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը Հնդկաստանի վարչապետի հատուկ բանագնացին ոչ թե Կրեմլում կամ մերձմոսկովյան նստավայրում է ընդունել, այլ նրա հետ հանդիպելու համար ինքն է մեկնել Սանկտ-Պետերբուրգ, վկայում է, թե Վլադիմիր Պուտինը որքան մեծ կարևորություն է տալիս Մոդի-Զելենսկի բանակցություններին:
Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Զելենսկու հետ օգոստոսի 23-ին բանակցություններից երկու օր անց Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Եվ եթե գրեթե մեկ ամիս անց անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նրա հատուկ բանագնացը Վլադիմիր Պուտինին մանրամասնություններ ներկայացնի, ապա կարելի է ենթադրել, որ Պուտին-Մոդի հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի հարցում Մոսկվան «դիրքորոշում ճշտելու» կարիք ունի:
Ինչի՞ մասին է խոսքը, որևիցե կոնկրետ կանխատեսում անելը բարդ է: Ուշադրության է արժանի, որ Շվեյցարիայի դաշնային կանցլերի գրասենյակը նախօրեին հայտնել է ուկրաինական կարգավորման երկրորդ «Խաղաղության խորհրդաժողովին» Ռուսաստանի մասնակցության հարցով Կիևի հետ քննարկումների մասին: Նման միջոցառմանը Ռուսաստանին ներգրավելու օգտին նաև Հնդկաստանի վարչապետն է խոսել:
Ուկրաինական ռազմաճակատում իրավիճակը վկայում է, որ զենքի ուժով Կիևին capitul֊յացիա պարտադրելու Կրեմլի նախագիծը մեծ հարցականի տակ է: Տպավորություն է, որ Հնդկաստանը մի ինչ-որ «միջակայքային» տարբերակ է առաջարկում: Եվ վարչապետի հատուկ բանագնացն այն ներկայացնելու է Ռուսաստանի նախագահին: Ըստ երևույթին, Պուտինի պատասխանից է կախված՝ Հնդկաստանի վարչապետը կմասնակցի՞ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, թե՞ ոչ: