Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզում կյանքի է կոչվել էներգախնայողության հերթական ծրագրի առաջին փուլը, որն իրողություն է դարձել «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շնորհիվ: Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի կողմից ներկայացված նախնական հայտերից Էներգախնայողության աջակցման հիմնադրամն առաջին փուլով ընտրել է համայնքի 3 բնակավայրի մանկապարտեզ, որտեղ տեղադրվելու է մինչև 5ԿՎտ ժամ հզորության ֆոտովոկտային կայան՝ հնարավոր ծախսաարդյունավետ էներգաարդյունավետության լուծումներով: «Ամիսներ առաջ Սևանի համայնքապետարանի և էներգախնայողության աջակցության հիմնադրամի միջև «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում կնքվել է համագործակցության հուշագիր, որին հաջորդել է Սևան համայնքի ավագանու համապատասխան որոշումը, համաձայն որի՝ Սևան համայնքի Լճաշեն, Ծովագյուղ Վարսեր բնակավայրի մանկապարտեզների տանիքներին 5 ԿՎտ ժամ հզորության ֆոտովոլտային կայան տեղադրելու նպատակով յուրաքանչյուր ՀՈԱԿ-ի համար համայնքի կողմից կատարվելու է 25 տոկոսի չափով համաֆինանսավորում:Ծրագիրը ևս մեկ հնարավորություն է՝ համայնքապատկան շենքերի էներգաարդյունավետության ու էներգախնայողության ոլորտում էական առաջընթաց գրանցելու համար»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (GIZ) որպես «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի մաս:Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: