Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ծանր հանցագործությունների 17,8 տոկոս աճ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքոււմ կորել է մեծ քանակությամբ զենք, ինչի փնտրտուքի արդյունքը բավարար չէ: Ըստ Փաշինյանի, ոստիկանությունը պետք է վերանայի ապօրինի զենք-զինամթերքի որոնման մեթոդաբանությունը, քանի որ այն չի համապատասխանում նոր մարտահրավերներին:
Նոր մարտահրավերներին իրականում չի համապատասխանում Հայաստանի հանրապետության ոստիկանության, իրավապահ համակարգի ամբողջ աշխատանքը, եւ ոչմիայն ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման առումով: Հայաստանում վերելք է ապրում հանցավորության գրեթե յուրաքանչյուր ուղղություն՝ փողոցային խուլիգանությունից մինչեւ զինված «ռազբորկաներ», ընդ որում տարիքային տարբեր մակարդակներում, մինչեւ թմրաշրջանառություն, ընդ որում զգալիորեն նաեւ անչափահասների աննախադեպ ներգրավումով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ժողովրդին պետք է ցույց տրվի արդյունք՝ թե ինչի համար են տասնյակ միլիարդներ ներդրվել պարեկային ոստիկանություն ստեղծելու ուղղությամբ: Առայժմ հանրությանը ցույց է տրվում միայն այդ համակարգի այսպես ասած անտուրաժը, իսկ բովանդակությունն ու արդյունքը մեղմ ասած հեռու են մարտահրավերներին համապատասխանելուց, ընդ որում՝ ժամանակի ընթացքում ոչ թե մոտենում են, այլ՝ հեռանում: Փոխարենը, բավականին ժամանակակից սոցցանցային ներկայություն ունեցավ Հայաստանի ներքին գործերի նախարարը, հարսանեկան արարողության քավորի կարգավիճակով, երբ 20 հազար դրամանոցներ էր շարում հարսնեղբոր դաշույնի շեղբի վրա:
Հետաքրքիր է, ի դեպ, հասարակական, ազգային վարքագծի հնաոճության, նաեւ պետության մասին բավականին հաճախ ըստ էության դասախոսություն իրականացնող վարչապետ Փաշինյանը որեւէ բան ասե՞լ այդ առնչությամբ ներքին գործերի նախարարին, որ հարիր չէ, երբ պետության իրավակարգի պատասխանատու առանցքային քաղաքական պաշտոնյան հայտնվում է այդպիսի հոլոբակի հերոսի դերում՝ հեռախոսների էկրաններին: Այդ պարագայում չգիտես ինչու զարմանալի ոչինչ չկա, որ ծանր հանցագործությունները աճում են 17,8 տոկոսով, իսկ հետն էլ աճում է հասարակական անապահովության զգացումը: Բայց, հարցը չի սահմանափակվում դրանով: Որովհետեւ մյուս կարեւոր խնդիրն այն է, որ այդ համայնապատկերն ու վիճակագրական պատկերը իրենց բացասական ազդեցությունն են թողնում պետականության ընկալման վրա: