Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթը բեռնաթափվել է, սեպտեմբերի 12-ից հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Սպասարկումը միաժամանակ իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ հերթի ապարատով տրամադրվող կտրոնների միջոցով։
Առաջնահերթ սպասարկվում են առցանց հերթագրում ունեցողները, հետևաբար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում է քաղաքացիներին մոտենալուց առաջ առցանց հերթագրվել։
Առանց հերթագրման մոտեցող քաղաքացին, ըստ առկա կուտակումների, ինքն է գնահատում տվյալ օրվա ընթացքում սպասարկման հնարավորությունը։
Նշվում է, որ հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Այսօրվանից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր 11 տարածքային ստորաբաժանումներում, առաջիկա շաբաթում այն ներդրված կլինի նաև 19 մարզային ստորաբաժանումներում, իսկ մինչև տարեվերջ՝ ամբողջ հանրապետությունում։