Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրամիության օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները։ Այդ մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը մատնանշել է երկու երկրների փոխհարաբերությունների վաղեմի պատմությունը և ընդգծել իսլամական երկրների միասնական միություն ստեղծելու անհրաժեշտությունը: Փեզեշքիանը կոչ է արել շարժվել իսլամական երկրների միջև սահմանները ջնջելու ուղղությամբ՝ հենվելով Եվրամիության փորձի վրա», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Իրանի նախագահի կարծիքով՝ իսլամական երկրների միասնության ամրապնդումն անարդյունավետ կդարձնի Արևմուտքի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները։
Իրանի և Իրաքի միջև երկկողմ համագործակցության ոլորտում Փեզեշքիանը կոչ է արել կազմակերպել մասնագիտացված հանձնաժողովներ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերն ընդլայնելու նպատակով։
Բաղդադից Իրանի նախագահը մեկնել է Էրբիլ, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի և վարչապետի հետ։ Փեզեշքիանն այնուհետև կմեկնի Բասրա։
Փեզեշքիանի այցն Իրաք նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է որպես Իրանի նախագահ: