Այսօր կեսօրին «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Եվրոպայից հաղթանակով վերադարձած երիտասարդ ծանրորդներ Արայիկ Միրզոյանը, Վանիկ Ավետիսյանը, մարզիչ Օգսեն Միրզոյանը և ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Ասուլիսի սկզբում Սամվել Խաչատրյանը ներկայացրեց Կիպրոսի Լիմոսոլ քաղաքում կայացած պատանիների և մինչև 23 տարեկանների առաջնության համառոտ նկարագիրը: «Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը Լիմասոլից բերեց 24 մեդալ` 9 ոսկի, 11 արծաթ, 4 բրոնզ, որոնցից 3 ոսկին, 3 արծաթն ու 2 բրոնզը` երկամարտի արդյունքում: Որպես Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ՝ ես գնահատում եմ մրցումները` լավ»: Սամվել Խաչատրյանը նշեց նաև, որ այս տարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ռեկորդ է սահմանել` 78 մեդալ մեկ տարվա ընթացքում: «Բոլոր մրցաշարերում` թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի, պատանեկան, կանանց թե տղամարդկանց առաջնություններում բարձրացել է Հայաստանի դրոշը և լսվել ազգային օրհներգը. մենք հպարտ ենք դրա համար»: