ԿԺԴՀ-ն կարճ հեռահարության մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Այս արձակումից մեկ շաբաթ առաջ Փհենյանը նախազգուշացրել էր, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն «թանկ գին կվճարեն» իրենց համատեղ զորավարժությունների համար։
Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Միացյալ շտաբների կոմիտեի՝ հյուսիսկորեական հրթիռը թռել է մոտ 350 կմ և ընկել Ճապոնական ծովում։
NHK հեռուստաալիքը, վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, հայտնել է, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։
Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջուկային հարցերով ներկայացուցիչները սեպտեմբերի 12-ին հեռախոսով քննարկել են Հյուսիսային Կորեայի կողմից փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների վերջին արձակումը, հաղորդում է Հարավային Կորեայի արտգործնախարարությունը։ Երեք կողմերը դատապարտել են հրթիռների արձակումը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ակնհայտ խախտում և համաձայնել, որ այն լուրջ սպառնալիք է ներկայացնում Կորեական թերակղզում և նրա սահմաններից դուրս խաղաղության ու կայունության համար։