Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ զրուցել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ու հայ-թուրքական կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը: Ըստ ՌԴ տարածած հաղորդագրության, քննարկվել է Հարավային Կովկասի կայուն խաղաղության հասնելու հնարավորությունը: «Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու համար, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում», հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հատկանշական է, որ Գալուզինի եւ Քըլըչի շփումը տեղի է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի եւ Իրանի ԱԱԽ քարտուղար Ահմադիանի Մոսկվայում կայացած հանդիպումից հետո: Դրա ընթացքում, ըստ իրանական կողմի, Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանի մոտեցումները «զանգեզոյրյան միջանցքի» հարցում չեն փոխվել եւ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ պայմանավորվածություններին:
Արդյո՞ք Գալուզինն էլ Թուրքիայի հատուկ բանագնացին հայտնել է, որ Մոսկվան Թուրքիայի հետ պայմանավորվածություններին էլ մնում է հավատարիմ: Թե՞ փոխանցել է, որ ինչ որ պայմանավորվածություններ չեղարկվում են Իրանի դիրքորոշման պատճառով: Մյուս կողմից հնարավոր է, որ օգտագործելով Իրանի դիրքորոշումը, Մոսկվան փորձել է դրանք «կապիտալիզացնել» թուրքական ուղղությամբ: Ի դեպ ուշադրության է արժանի մի հանգամանք, որ Գալուզին-Քըլըչ շփումը փաստորեն տեղի է ունենում Պուտինի Թուրքիա այցի հետ կապված ուշագրավ տեղեկատվության հրապարակումով:
Middle East Eye-ը հրապարակել էր տեղեկություն, որ Պուտինը ցանկանում է, որ Թուրքիա մեկնելիս իր օդանավը Թուրքիայի տարածքում էլ ուղեկցեն ռուսական կործանիչները: Ըստ աղբյուրի, Թուրքիան չի ցանկանում Պուտինի օդանավն ուղեկցող կործանիչների համար անջատել երկրի տարածքում գործող ՆԱՏՕ ՀՕՊ համակարգը, որը այդ կործանիչները կդիտի թիրախ: Սակայն, բուն խնդիրն ըստ ամենայնի քաղաքական է: Անկարան թերեւս չի ուզում, որ Պուտինը Թուրքիա մտնի այսպես ասած ռուսական կործանիչների երթով:
Օրինակ, ամիսներ առաջ ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան խնդիր չէին տեսել այդ հանգամանքի հարցում եւ Պուտինն այդ երկրներ էր այցելել կործանիչների ուղեկցությամբ: Թուրքիայի քաղաքական հավակնություններն ու ընկալումները սակայն, հատկապես ՌԴ հետ հարաբերության առումով, կապված նաեւ ազդեցության «թիրախային» գոտիների զգալի համատեղելիության, հետեւաբար մրցակցության հետ, այլ են:
Ահա այդ համատեքստում ի՞նչ են քննարկել Գալուզինն ու հայ-թուրքական կարգավորման թուրքական բանագնաց Քըլըչը: Այն, որ քննարկման առանցքում եղել են հայ-թուրքական կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, կասկախից վեր է, այլապես Գալուզինը կխոսեր Թուրքիայի ԱԳ այլ պաշտոնյայի, ոչ հայ-թուրքական գործընթացի բանագնացի հետ: Այստեղ ուշագրավ է հանգամանքը, որ շեշտվում է 3+3 ձեւաչափիի շրջանակում մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու մասին, ինչը թերեւս վկայում է, որ իրանական գործոնն այդուհանդերձ առկա է եւ մեծ հավանականությամբ Մոսկվան հղում է արել այդ գործոնին:
Միաժամանակ, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին օրերս հայտարարել էր, որ նշանակված է Թուրքիայում մոտակա շրջանում կայանալիք 3+3 ձեւաչափի արտգործնախարարների հանդիպման հստակ ժամկետը: Ըստ ամենայնի, իրանական կողմն այդ կերպ ակնարկում է, որ Թեհրանը կողմնակից չէ ժամկետներ փոխելուն: Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ չկա Հայաստանի ԱԳ նախարարի մասնակցության մասին որոշում եւ նախարարի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացվում է ըստ կարգի: