Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ «շատ հավանական է», որ Հորդանան գետի Արևմտյան ափին իրենք ոչ միտումնավոր կերպով սպանել են ԱՄՆ-ի և Թուրքիայի քաղաքացի 26-ամյա մի կնոջ, որն այնտեղ մասնակցում էր ցույցի։ BBC-ն հաղորդում է, որ Այսենուր Էզգի Էյգին սեպտեմբերի 6-ին Նաբլուսից ոչ հեռու գտնվող Բեյթա քաղաքում ցույցի էր դուրս եկել հրեական բնակավայրերի ընդլայնման դեմ։ Տեղի լրատվամիջոցները հայտնել էին, որ ակտիվիստուհուն սպանել են Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինվորները, որից հետո ԻՊԲ-ն հետաքննություն էր սկսել։Սեպտեմբերի 10-ին հրապարակված հետաքննության արդյունքների համաձայն՝ «շատ հավանական է, որ նա ոչ ուղղակիորեն և ոչ միտումնավոր կերպով հարված է ստացել ԻՊԲ-ի կրակից, որը նրան չի թիրախավորել, այլ թիրախավորել է խռովության հիմնական հրահրողին»։ ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ «խորապես ցավում է Այսենուր Էզգի Էյգիի մահվան համար»։ԱՄՆ-ն խստորեն է արձագանքել այս հայտարարությանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԻՊԲ-ի հետաքնությունը ցույց է տալիս, որ Էյգիի մահը «չհրահրված էր և չարդարացված»։«Ոչ ոք չպետք է սպանվի ցուցի ներկա գտնվելիս», – լրագրողներին հայտնել է Բլինքենը հետաքննության արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողություններն անվանել էր «բարբարոսական»։Այսենուր Էզգի Էյգին «Միջազգային համերաշխության շարժում» պաղեստինամետ կազմակերպության անդամ էր, որը Բեյթայում ամեն շաբաթ ցույցեր է անցկացնում Իսրայելական բնակավայրերի ընդլայնման դեմ։ Ցուցարարերից մեկն ավելի վաղ BBC-ին հայտնել էր որ սեպտեմբերի 6-ին՝ սպանության օրը, Էյգին առաջին անգամ էր տվյալ կազմակերպության ցույցի մասնակցում։