ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 21:00-ին կանցկացնեն իրենց առաջին և, հնարավոր է, միակ բանավեճը, որը կարող է շատ կարևոր դեր ունենալ նախագահական ընտրապայքարում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բանավեճը կազմակերպվել է ABC News հեռուստաընկերության կողմից՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից ութ շաբաթ առաջ։ Երկու թեկնածուների միջև շատ լարված պայքար է ընթանում, և ընտրությունների արդյունքը դեռ կանխատեսելի չէ։
Որոշ նահանգներում բանավեճից ընդամենը մի քանի օր անց կսկսվի վաղաժամկետ քվեարկությունը։
90-րոպեանոց բանավեճը կանցկացվի Ֆիլադելֆիայի Ազգային սահմանադրության կենտրոնում։ Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության՝ բանավեճին հանդիսատես ներկա չի լինի, իսկ թեկնածուներից մեկի ելույթի ժամանակ մյուսի խոսափողն անջատված կլինի։